երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չնայած դիվանագիտական ջանքերին՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը պահպանվում է

Չնայած դիվանագիտական ջանքերին՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը պահպանվում է

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 16-ը հայտարարել է Միասնության օր՝ հասարակության համախմբման և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու նպատակով։

«Մեզ ասում են, որ փետրվարի 16-ը մեզ վրա հարձակման օրն է: Մենք այն միասնության օր կդարձնենք: Վաղը մենք կկախենք ազգային դրոշը, կկրենք կապույտ և դեղին ժապավեններ և ցույց կտանք մեր համախմբվածությունը ողջ աշխարհին»,- հայտնել է նախագահը։

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ հարձակում սկսելու մասին Արևմուտքի հայտարարություններին՝ Կիևը նման ներխուժման համար նախադրյալներ չի տեսնում։ Հիմքեր չկա նաև Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը՝ բացառելով Բելառուսի տարածքից Կիևի վրա ռուսական զորքերի հարձակման հնարավորությունը։ Բացի այդ, Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հավաստիացրել է, որ ռուս-բելառուսական զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսում և Ուկրաինայում ընթացող զորավարժություններին դիտորդների փոխադարձ այցելության վերաբերյալ:

Չնայած Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակի սրման համար դեռևս նախադրյալներ չեն տեսնում, ամերիկյան կողմը շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից, Բելառուսից և Մերձդնեստրից։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինայում այնուհանդերձ փոքր թվով ամերիկացի զինվորականներ են մնում՝ հաշվի առնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը երկրում։ Նա չի հստակեցրել՝ ինչ ուժերի մասին է խոսքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն, ԱՄՆ-ը որոշում է կայացրել Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխել Լվով։

Ուկրաինայի շուրջ լարվածության լիցքաթափման նպատակով շարունակվում են նաև դիվանագիտական ջանքերը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը առանձին հեռավար հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ լուրջ մտահոգություն հայտնելով լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ։ Գուտերեշը ևս մեկ անգամ հայտարարել է, որ դիվանագիտական ջանքերին այլընտրանք լինել չի կարող։

Ֆրանսիայի նախագահի Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո, միջնորդական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Բեռլինը: Գերմանիայի նորանշանակ կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 14-ին այցելել է Կիև: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ, և անհասկանալի է, թե ինչու է Մոսկվան այժմ բարձրացնում այդ հարցը։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ դաշինքների ազատ ընտրությունը, քննարկման ենթակա չեն։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ Կիևը պատրաստ է մշակելու և քննարկման ներկայացնելու Դոնբասի հատուկ կարգավիճակի և այնտեղ ընտրությունների անցկացման մասին օրինագծեր, ինչը մինսկյան պայմանավորվածությունների առանցքային դրույթներից է:

Շոլցը հայտնել է նաև, որ Բեռլինն ուսումնասիրում է Ուկրաինայի առանձին հարցումները մահաբեր զենքի մատակարարման առնչությամբ և միայն համակողմանի վերլուծությունից հետո կհայտնի իր որոշման մասին:

Գերմանիայի կանցլերի միջնորդական առաքելության հաջորդ կանգառը Մոսկվան է, որտեղ նույնպես նախատեսվում են բարձր մակարդակի բանակցություններ:

Ռուսաստանի նախագահը պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն դա Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների՝ ավելի լուրջ խնդրի մի մասն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Վլադիմիր Պուտինը մշտապես հանդես է եկել բանակցությունների և դիվանագիտության օգտին: Նա նաև հայտնել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված՝ Ռուսաստանի պատասխանի նախագիծը պատրաստ է, և ՌԴ նախագահը նախնական հավանություն է տվել փաստաթղթին:

  • Կիսվել: