երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Չինաստանն Իրանից իր քաղաքացիներին տարհանելու հնարավոր ուղիներից է համարում նաև Հայաստանի տարածքը

Չինաստանն Իրանից իր քաղաքացիներին տարհանելու հնարավոր ուղիներից է համարում նաև Հայաստանի տարածքը

Չինաստանը սկսել է իր քաղաքացիների տարհանումն Իսրայելից և Իրանից և արդեն հինգ օր փոխադարձ հարվածներ փոխանակող երկու երկրներին հրադադարի կոչ է արել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դեսպանատները և հյուպատոսարաններն օգնություն են առաջարկում նրանց, ովքեր հունիսի 13-ին իրավիճակի սրումից հետո ցանկացել են հեռանալ։ Ըստ Չինաստանի ԱԳՆ խոսնակի՝ Պեկինը կապի մեջ է Իրանի, Իսրայելի և տարբեր կողմերի հետ՝ հրադադարի հասնելու համար։

Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ է արել հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում է, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել են Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։ 

Հունիսի 17-ին ավելի վաղ Իսրայելում Չինաստանի դեսպանատունը Չինաստանի քաղաքացիներին կոչ է արել «որքան հնարավոր է շուտ» լքել Իսրայելը ցամաքային սահմաններով՝ զգուշացնելով, որ անվտանգային իրավիճակը վատթարացել է: Չինացիներին կոչ է արվել հեռանալ Հորդանանով։

Ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի օդային տարածքները փակ են մնում։ Իրանը հայտնել է մինչև հունիսի 18-ի գիշերը ժամը 02։00-ն օդային տարածքի փակումը երկարաձգելու մասին, իսկ Իսրայելը երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը։

 

 

  • Կիսվել: