երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բրազիլիայում հետընտրական ցույցերը վերաճել են մասշտաբային անկարգությունների

Բրազիլիայում հետընտրական ցույցերը վերաճել են մասշտաբային անկարգությունների

Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել, փոխանցում է CNN Brasil-ը։

Զանգվածային անկարգությունների կապակցությամբ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարել։

Նախնական գնահատականներով՝ անկարգություններին մասկացել է մոտ հինգ հազար մարդ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Բրազիլիայի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոշան, անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում

«Տեղեկացնում եմ ձեզ, որ ավելի քան 400 մարդ արդեն ձերբակալված է և կվճարի կատարված հանցագործությունների համար»,- գրել է Ռոշան։

Նա կատարվածը որակել է ահաբեկչական գործողություն և ընդգծել, որ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

«Մենք շարունակում ենք աշխատել կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ»,- հավելել է նա։

  • Կիսվել: