հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բորելը խոստովանել է, որ «Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանն ավարտված է

Բորելը խոստովանել է, որ «Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանն ավարտված է

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինային և մերձավորարևելյան հակամարտությանը ԵՄ-ի տարբեր արձագանքների ֆոնին աշխարհում Բրյուսելին մեղադրում են երկակի ստանդարտների համար, իսկ «Արևմուտքի ինտելեկտուալ գերազանցության» դարաշրջանն ավարտվել է։

«Պաղեստինա-իսրայելական ընթացիկ հակամարտությունն ուժեղացնում է երկակի ստանդարտների մասին մեղադրանքները», -ասել է նա Բրյուսելում եվրոպական դեսպանների համաժողովի ժամանակ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև խոստովանել է, որ չնայած այն բանին, որ շատ երկրներ դատապարտել են ՌԴ-ի գործողություններն Ուկրաինայում, սակայն շատերը նաև չեն աջակցել ԵՄ-ի պատժամիջոցներին:
Նա եզրակացրել է, որ այս ամենը «Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանի ավարտի արդյունք է։
«Գլոբալ Հարավը ձևավորվել է` ի պատասխան Արևմուտքի գերիշխանության։ Դոմինանտության այս դարաշրջանն ինտելեկտուալ առումով ավարտվել է, դա պետք է ընդունել։ Բայց մենք դեռ լիովին չենք գիտակցել այս նոր իրականության հետևանքներն ու գործնական եզրակացությունները»,-նշել է Բորելը։
 
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից անմիջապես հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն իսրայելամետ դիրքորոշում էր որդեգրել և որոշ ժամանակ անտեսում էր Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացումն ու խաղաղ բնակչության շրջանում զոհերը, խիստ քննադատության է ենթարկվել ԶԼՄ-ներում։ Նրան մեղադրել են «երկակի ստանդարտների» համար` հիշեցնելով Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հայտարարությունները, զգուշացրել են ամբողջ ԵՄ-ի անունից հայտարարություններ չանել:
Ավելի ուշ ԵՀ մամուլի ծառայությունը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը ստիպված են եղել ուղղել ֆոն դեր Լյայենի միակողմանի արտահայտությունները, պարզաբանել, որ ԵՀ ղեկավարն արտահայտել է իր անձնական կարծիքը, և դա ամբողջ ԵՄ-ի դիրքորոշումը չի արտացոլում։

  • Կիսվել: