Բոլոր ֆիլմերը պետության բացակայության և պետություն չունենալու «երջանկության» մասին են. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը մեծ ծրագիր է իրականացրել։ Մեծ գումար ենք ծախսել՝ 90 մլն եվրո։ Կարող ենք մի փոքր էլ ծախսել, որպեսզի այդ կառույցի մասին վավերագրական ֆիլմ նկարահանվի, որը, նախ, հանրային հաշվետվություն կլինի: Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդու ջրամբարի կառուցմանը։
«Հյուսիս-հարավի ճանապարհի հատվածը կառուցվել է, էլի մի քանի տասնյակ միլիոն դոլար ենք ծախսել։ Կարող ենք մի փոքր էլ ծախսել և դրա մասին էլ վավերագրական ֆիլմ նկարել։
Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Ինչո՞ւ չենք կարող սահմանազատման գործընթացի վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչո՞ւ չենք կարող Օգոստոսի 8-ի տարեդարձի առիթով վավերագրական ֆիլմ նկարել՝ ներկայացնելով, թե ինչպես է ամեն ինչ եղել։ Ինչո՞ւ չենք անում սա։ Ահա թե ինչու. մեզ թվում է, թե միայն անցյալ ունենք՝ իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, իսկ ներկան էլ կարծես այն չէ։ Բայց ներկան այն է»,- նշեց Փաշինյանը։
«Մենք արդեն նախաձեռնել ենք վավերագրական ֆիլմի նկարահանումը՝ COP-ի նախապատրաստական աշխատանքների և ընդհանուր բանակցությունների երկշաբաթյա ընթացքի վերաբերյալ։ Նաև պայմանավորվածություն ունենք միջազգային հեռուստաընկերություններից մեկի հետ, որպեսզի ֆիլմը որպես Հայաստանի այցեքարտ ցուցադրվի»,- ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրային հաղորդակցության և մեդիա բովանդակության ձևավորմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում շարունակում են գերակշռել պետականության բացակայության մասին պատմող խորհրդային շրջանի ֆիլմերն ու հաղորդումները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել անկախ պետականության արժեքներն ու ձեռքբերումներն արտացոլող նոր, դրական բովանդակություն։
«Մենք միացնում ենք մեր հեռուստատեսությունները և տեսնում ենք 60-ական թվականների շատ լավ ֆիլմեր։ Բայց հասկացանք. մեկ անգամ, երկու անգամ, երեք, չորս, տասը, քսան... 35 տարի է՝ միացնում ես, նույն բաներն են ցույց տալիս, նույն երգերը, նույն հոլովակները, նույն ֆիլմերը, և այդպես շարունակ։ Լավ է, պետք է ցույց տալ, բայց ուրիշ բովանդակություն չկա։
Այդ բովանդակությունն ունի մի շատ կարևոր առանցք և հենասյուն՝ պետականության բացակայությունը։ Այդ ֆիլմերը, ամենակարևորը, մի բանի մասին են։ Առավոտից իրիկուն՝ պետական թե մասնավոր, ոչ ոք հարց չի տալիս, որ այդ ֆիլմերն ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ պետության բացակայությունը։ Այդ բոլոր ֆիլմերը պետության բացակայության և պետություն չունենալու «երջանկության» մասին են։ Թե ինչ երջանիկ բան է պետություն չունենալը, ինչ երջանիկ բան է անկախություն չունենալը։ Հոյակապ, դրախտ։
Մենք արդեն 35 տարի է՝ անկախությունը հռչակել ենք, բայց դրա այլընտրանքային բովանդակությունը չենք ստեղծել։ Այսօր առավոտից այդ թվում՝ պետական միջոցներից սնվող լրատվամիջոցները 24 ժամ քարոզում են, թե ինչ երջանկություն է պետություն չունենալը։ Ավելի մեծ երջանկություն չկա, ուղղակի դրախտ է՝ պետություն չունենալը։
Հենց այստեղից են սկսվում մնացած բոլոր գործընթացները, որոնց մենք այսօր առերեսվում ենք։
Ես խնդիրը դնում եմ հետևյալ կերպ. մենք վերջին 35 տարում, էլ չեմ ասում՝ վերջին 8 տարում, ունե՞նք արդյոք դրական բովանդակություն, որը կարող ենք դարձնել հանրային հաղորդակցության նյութ և առարկա։ Առաջարկում եմ մտածենք այս մասին»,- նշեց վարչապետը։



