Բողոքի ցույց Թել Ավիվում. հազարավոր մարդիկ պահանջել են պատերազմի դադարեցում և պատանդների վերադարձ
Թել Ավիվի Հաբիմա հրապարակում և հարակից փողոցներում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով «պատերազմի դադարեցում և պատանդների վերադարձ», տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ հանրահավաքը սկսվել է զոհված զինվորների հիշատակին մեկ րոպե լռությամբ և զինծառայողների անվտանգության ու պատանդների ազատ արձակման համար աղոթքով։ Կենտրոնական բեմին ամենամոտ ցուցարարները Իսրայելի դրոշներ են ծածանել։
«Մահվան հրեշտակների համար ներում չկա», - վանկարկել են ցուցարարները՝ նկատի ունենալով վարչապետին։
Հրապարակի հակառակ ծայրում ձախակողմյան ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա եղած գրառումներով Իսրայելին մեղադրել են Գազայում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար, ինչպես նաև զինվորներին կոչ են արել հրաժարվել ծառայությունից:


