Բլինկենը Ռուսաստանում ապստամբության ժամանակ ամբողջ աշխարհում ամերիկացի դիվանագետներին արգելել է մեկնաբանել իրավիճակը. Axios
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ՝ հունիսի 23-ի ուշ երեկոյան, տեղական ժամանակով հրատապ հեռագիր է ուղարկել Պետդեպարտամենտի պաշտոնյաներին՝ արգելելով մեկնաբանել Ռուսաստանում հասունացող ռազմական ապստամբությունը, հայտնում են աղբյուրները Axios-ին:
Նրա հանձնարարությամբ, եթե ամբողջ աշխարհում ԱՄՆ դիվանագետներին հարցնեին, թե ինչ է կատարվում ՌԴ-ում, նրանք միայն պետք է ասեին, որ Միացյալ Նահանգները հետևում է իրավիճակին։
Հեռագրում նշվում էր, որ Բլինկենն ինքը և նրա աշխատակիցների մերձավոր շրջապատը հետևում են Ռուսաստանի Դաշնությունում իրադարձությունների զարգացմանը։
Axios-ի զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ Բլինկենն այդպիսով ցանկացել է ապահովել, որ ամբողջ աշխարհում ոչ մի ամերիկացի դիվանագետ չի ասի այնպիսի բան, որը տպավորություն կստեղծի, թե Միացյալ Նահանգները ներգրավված է տեղի ունեցողում։
Ինչպես նշում է մեկ այլ աղբյուր, հեռագրի ուղարկման պահին իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում «շատ անհասկանալի» էր, և, հավանաբար, Բլինկենը ցանկացել է սպասել լրացուցիչ մանրամասների:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին՝ հունիսի 26-ին, հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն կապ չունեն Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության հետ։ Նա նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել ռուս-ուկրաինական հակամարտության վրա ապստամբության ազդեցության մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես «զինված ապստամբություն»:Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ: Արդյունքում ընկերության մարտիկները դուրս են եկել գրաված ռազմական օբյեկտներից ու վերադարձել դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը մեկնել է Բելառուս: Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։