Բեյրութի պայթյունի վայրում՝ փլատակների տակ, 1 ամիս անց կենդանության նշաններ են նկատվել. խումբն աշխատում է
Չիլիական փրկարարական ջոկատը հայտարարել է, որ ուղիղ մեկ ամիս առաջ Բեյրութում գրանցված ահեղ պայթյունի փլատակների մի հատվածում կյանքի նշաններ են հայտնաբերել, գրում է Armtimes.com-ը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ TOPOS CHILE անվանումով փրկարարական խումբը սկանավորող սարքի օգնությամբ զարկերակի եւ շնչառության նշաններ է հայտնաբերել ավերված շինություններից մեկի առաջին հարկի փլատակներում: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ ավերված շինության տակ գտնվողը երեխա է, որի մոտակայքում խումբը նաեւ մեկ դի է հայտնաբերել:
Օգոստոսի 4-ին գրանցված պայթյունի հետեւանքով արդեն իսկ 191 մահ է գրանցվել, ավելի քան 6 հազար մարդ՝ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել, ավերված է Լիբանանի մայրաքաղաքի մեծ մասը:
Չիլիի փրկարարական խումբը Բեյրութի փողոցներ էր այցելել՝ որպես շենքերում անվտանգության ապահովման երաշխավոր այնտեղ վերակառուցման փուլի մեկնարկից առաջ: Հենց այդ ժամանակ նրանց շներից մեկը վազել է դեպի հիշյալ շենք, ահազանգել այնտեղ մարդկանց ներկայության մասին, այնուհետեւ գործի է դրվել սկանավորող սարքը:
Live Love Lebanon ոչ պետական կազմակերպության անդամ Էդվարթ Բիթարը, որն աշխատում է TOPOS CHILE-ի հետ Լիբանանում, Al Jazeera-ին հայտնել է, որ սարքը փլատակների տակ հայտնաբերել է 18 շնչառական ցիկլ 1 րոպեոում: Փրկարարներն առանձնապես հույսեր չեն փայփայում ներսում կյանքի առկայության մասին, բայց եւ չեն կարող կասկածել սարքի ճշգրտությանը: Ըստ Բիթարի՝ ստացվում է՝ եթե ավերակների տակից հաջողվի ողջ մարդու դուրս բերել 1 ամիս անց, ապա հրաշքի նման մի բան կլինի:
Նշենք, որ ավելի վաղ TOPOS CHILE կազմակերպությանն արդեն հաջողվել է այս սարքի օգնությամբ նման նախադեպ ունենալ, երբ 2010 թվականին Հայիթիում երկրաշարժի հետեւանքով ավերված շինության տակից դուրս են բերել մի մարդու, որը քարերի տակ էր եղել ու ողջ մնացել 27 օր շարունակ: