երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ հարձակողական զենքի վաճառքն արգելող օրինագծին

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ հարձակողական զենքի վաճառքն արգելող օրինագծին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 23-ին Կոնգրեսի երկու պալատներին կոչ է արել հավանություն տալ այն օրինագծին,  որն արգելում է հարձակողական զենքի և մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքը։

Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Այսօր (հունվարի 23-ին) սենատոր Ֆայնշտայնը, ում հետ ես աշխատել եմ 1994 թվականին հարձակողական զենքի վերջին արգելքն ընդունելու շուրջ, կրկին Սենատ է ներկայացրել հարձակողական զենքերի և մեծ տարողությամբ պահեստատուփերի արգելքի, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար տարիքը մինչև 21 տարեկան բարձրացնելու մասին օրինագիծը։

Այս միջոցներին հավանություն են տվել սենատորներ Մերֆին, Բլումենտալը և այլոք: Հարձակողական զենքի արգելման օրենքի գործողության 10 տարիների ընթացքում զանգվածային հրաձգությունների դեպքերի թիվը նվազել էր: Այն բանից հետո, երբ 2004 թվականին հանրապետականները չեղյալ հայտարարեցին այս օրենքը և թույլ տվեցին դարձյալ զենք վաճառել, զանգվածային հրաձգությունների թիվը եռապատկվել է: Կոնգրեսի երկու պալատներին կոչ եմ անում գործել արագ և ինձ ստորագրման ուղարկել հարձակողական զենքի այս արգելքը», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

Բայդենի խոսքով՝ «ամերիկացի ժողովրդի մեծ մասը համաձայն է» նման կարգի արգելքների սահմանմանը։ Նա ընդգծել է, որ վերջին ժամանակներս «ամբողջ Ամերիկայում տեղի է ունեցել ողբերգություն ողբերգության հետևից, այդ թվում՝ զանգվածային հրաձգություններ Կոլորադո Սփրինգսից մինչև Մոնթերեյ Փարկ և հրազենի կիրառմամբ ամենօրյա բռնության դեպքեր, որոնք չեն հայտնվում լրատվամիջոցների առաջին էջերում»:

 

  • Կիսվել: