Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են, տեղեկացնում է Royanews-ը:
Նշվում է, որ Գրաց քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Շտոքերը վշտակցել է հայրենակիցներին. «Երեքօրյա ազգային սգի ընթացքում ամբողջ Ավստրիան կհիշի զոհերին»:
Ինչպես հաղորդվում է՝ զոհվել է նաև կասկածյալը, որը, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։