ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել

Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել

Ավստրալիայի արևմուտքում գտնվող գետերից մեկում շնաձկան հարձակման հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել։ Ամեն ինչ կատարվել է նրա ընկերների աչքի առաջ, հայտնում է 9News-ը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ի կեսօրին՝ Սուոն գետի կամրջի մոտ, որի ափին այդ պահին բավականին շատ հանգստացողներ են եղել։ 11-րդ դասարանցին իր ընկերների հետ գնացել է դելֆիններին տեսնելու, այնուհետև որոշել է լողալ նրանց հետ, սակայն հանդիպել է շնաձկան:

Գիշատիչը կծելով գրեթե կտրել է աղջկա ոտքերը, տուժածին արագ ափ են հանել, սակայն մինչ շտապօգնության ժամանելը նա մահացել է։

Աղջկա վրա հարձակված գիշատիչը դեռ չի հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ դա տափակաքիթ շնաձուկ է (հայտնի է որպես ցուլ-շնաձուկ), որը շատ է Ավստրալիայի ափերի տաք ջրերում: Դրանք հաճախ մտնում են քաղցրահամ ջրեր՝ սնունդ փնտրելու և մակաբույծներից ազատվելու համար:

Սա շնաձկան առաջին մահացու հարձակումն է այս գետում վերջին 100 տարվա ընթացքում. 1923 թվականի հունվարին այստեղ 13-ամյա տղա էր շնաձկան զոհ դարձել։

 

  • Կիսվել: