շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Աշխարհն արձագանքում է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը

Աշխարհն արձագանքում է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը

Ստացվում են աշխարհի տարբեր երկրների արձագանքներն Իրանի վրա Իսրայելի հարվածներին: Մի մասը մտահոգություն է հայտնել, մյուսները՝ քննադատել են այդ գործողությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «դատապարտել է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում»: Նա երկու կողմին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել Իրանին և Իսրայելին «հետքայլ անել և անհապաղ նվազեցնել լարվածությունը», Իսրայելի հարվածներն անվանել է «մտահոգիչ»: Սթարմերի կարծիքով՝ «սրացումը տարածաշրջանում ոչ մեկի համար լավ չի լինի», իսկ «Մերձավոր Արևելքում կայունությունը պետք է լինի առաջնահերթություն»:

«Հիմա զսպվածության, հանգստության և դիվանագիտությանը վերադառնալու ժամանակն է», - հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը նշել է, որ Կանբերան «մտահոգված է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրացումով»: Նա կոչ է արել կողմերին առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտությանը՝ ասելով. «Առանց այն էլ անկայուն տարածաշրջանում դա հետագա անկայունացման վտանգ է ստեղծում»:

Իրանի վրա Իսրայելի ավիահարձակումները դատապարտել են նաև արաբական պետությունները: ԱՄԷ-ն նաև կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրացումը կանխելու համար։

«Արտաքին գործերի նախարարությունը շեշտում է առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կարևորությունը՝ հակամարտության խորացման ռիսկը կանխելու համար»,- ասվում է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Օմանն էլ մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության, ինչպես նաև խոչընդոտել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև միջուկային հարցի շուրջ բանակցությունները:

  • Կիսվել: