շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անկարայի, Բաքվի եւ Աշգաբադի եղբայրական կապերը կամրապնդվեն ռազմավարական հնարավորություններով. Էրդողան

Անկարայի, Բաքվի եւ Աշգաբադի եղբայրական կապերը կամրապնդվեն ռազմավարական հնարավորություններով. Էրդողան

Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս թյուրքալեզու երկրների հետ կապերի զարգացմանը, այդ թվում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) հարթակի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չորեքշաբթի Ավազում դիմելով Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի մասնակիցներին, տեղեկացրել է «Անադոլուն»։

Էրդողանը նշել է, որ Թուրքմենստանի լիարժեք անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությունում ուժի նոր աղբյուր կդառնա ԹՊԿ-ի համար։ «Համոզված եմ, որ Անկարայի, Բաքվի եւ Աշգաբադի եղբայրական կապերը կամրապնդվեն մեր երկրների ռազմավարական հնարավորությունների հիման վրա։ Մեր նպատակը գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացների առավելագույն օգտագործումն է՝ ի բարօրություն բնակչության, թիրախ ունենալով տարածաշրջանային կայունությունը»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Անկարան հպարտ է Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ձեռքբերումներով։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ պետությունների փոխգործակցությունը հատկապես կարեւոր է արդիականության մարտահրավերների եւ ճգնաժամերի ֆոնին։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը սասանել է պարենային եւ էներգետիկ անվտանգությունն աշխարհում, իսկ Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքներն այս կամ այն չափով զգում են բոլոր երկրները, այդ թվում գնաճի միջոցով։

«Ուկրաինայի շուրջ ճգնաժամն սկսվելու հենց սկզբից  ես ասում էի, որ պատերազմը հաղթող չի կարող ունենալ, իսկ խաղաղությունը՝ պարտված։ Արդարացի աշխարհի կարելի է հասնել միայն երկխոսության ճանապարհով։ Ուստի, առաջին օրվանից մենք ձգտել ենք դադարեցնել արյունահեղությունը, ձեռնարկել ենք անկեղծ քայլեր ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, այնպես էլ այլ հարթակներում»,- նշել է նախագահը։

Թուրքիայի նախագահն այնուհետեւ անդրադարձել է համագործակցությանն էներգետիկ ոլորտում։ «Անհրաժեշտ է արդեն սկսել արեւմտյան շուկաներ թուրքմենական գազի մատակարարման աշխատանքը»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է նաեւ համագործակցել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ Կասպից ծովում «Դոստլուգ» նավթագազային նավթահանքի մշակման հարցում ։

Բացի այդ, Անկարան պատրաստ է քննարկել Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ Թուրքիա էլեկտրաէներգիայի ներմուծման թեման։ Էրդողանն ընդգծել է նաեւ տրանսպորտային միջանցքների զարգացման նշանակալիությունը, այդ թվում Lapis-Lazuli-ն՝ որպես տարածաշրջանային անվտանգության գործոն։

  • Կիսվել: