կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածաշարք է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո

ԱՄՆ ԶՈւ-ն հարվածաշարք է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո

ԱՄՆ զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն են իրականացրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ, հայտնել են Պենտագոնից, տեղեկացնում է CBS News-ը:

Նշվում է, որ գործողությունը պատասխանն է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավի վրա իրականացված հարձակմանը:

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալների՝ արևելյան ժամանակով մոտ 19:15-ին Իրանը հարձակվել է M/V GFS Galaxy բեռնարկղային նավի վրա, որը նավարկում է Կիպրոսի դրոշի ներքո։

Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիական նավի անձնակազմի անդամներից մեկը համարվում է անհետ կորած։ Նավը նաև լուրջ վնասներ է ստացել և կորցրել է ընթացքը շարունակելու հնարավորությունը։

Բացի այդ՝ CENTCOM-ում հայտարարել են, որ Իրանին «տրամադրվել էր փոխըմբռնման հուշագրի պահպանումը ցուցադրելու հերթական հնարավորությունը այն բանից հետո, երբ նա արդեն պատասխանատվության էր ենթարկվել առևտրային նավերի վրա նախորդ հարձակումների համար»։ Ամերիկյան կողմի վարկածով՝ Թեհրանը կրկին չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ուստի ԱՄՆ-ը հերթական հարվածն է հասցրել Իրանի տարածքին։

  • Կիսվել: