հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ը ցանկանում է կայունացնել նավթի համաշխարհային գնաճը

ԱՄՆ-ը ցանկանում է կայունացնել նավթի համաշխարհային գնաճը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է երկրի ռազմավարական պաշարից 50 միլիոն բարել նավթ վաճառել՝ այդ կերպ փորձելով զսպել վառելիքի գների աճը։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «վաճառքը կիրականացվի էներգիա սպառող այլ առաջատար երկրների հետ զուգահեռ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Կորեան և Միացյալ Թագավորությունը»՝ գրում է BBC-ն։

Բայդենը բազմիցս խնդրել է ՕՊԵԿ-ին, որի անդամները վերահսկում են նավթի համաշխարհային պաշարների երկու երրորդը, արագ ավելացնել արդյունահանումը: Սակայն կարտելը և նավթ արդյունահանող մի քանի այլ երկիր մտադիր չեն փոխել արդյունահանման ամսական աճի իրենց պլանները՝ օրական 400 հազար բարելով: Նրանք դա անիմաստ են համարում՝ համաճարակի հերթական ալիքի վտանգի և պահանջարկի հնարավոր անկման պատճառով։

ԱՄՆ վարչակազմի նախագծի համաձայն՝ ԱՄՆ ռազմավարական պաշարների մի մասի վաճառքն առաջին անգամ պետք է համակարգվի Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից շուկա մուտք գործող հավելյալ նավթով։

Լոնդոնն արդեն հայտարարել է, որ թույլ կտա կամավոր հիմունքներով վաճառել 1,5 միլիոն բարել մասնավոր նավթային պաշարներ: Ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ճապոնիան և Հնդկաստանը:

Փորձագետները նշում են, որ պահուստի մի մասը վաճառելու Բայդենի որոշումը կարող է միայն կարճաժամկետ ազդեցություն ունենալ շուկայի վրա, քանի որ նավթի գները շարունակում են բարձրանալ մի քանի գործոնի պատճառով: Դրանց թվում են տնտեսական վերականգնումը Covid-19 համավարակից հետո, ավանդական էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումների բացակայությունը և վերականգնվող էներգետիկայի դանդաղ զարգացումը։

Վերջին շաբաթներին նավթի գները շարունակում են աճել։ Երեքշաբթի տեղի ունեցած աճուրդում նավթի գների աճը մինչև 81 դոլար մեկ բարելի դիմաց վկայում է, որ շուկայի սառեցման հույսերը դեռ չեն իրականանում։

Շատ փորձագետներ չեն հավատում, որ Բայդենի որոշումը արմատապես կփոխի շուկայական իրավիճակը, սակայն կարևորում են ՕՊԵԿ+ կարտելին ընդդիմանալու ԱՄՆ նախագահի ցանկությունը, որն, ըստ էության, փորձ է՝ միավորելու նավթ սպառողներին ընդդեմ այն արտադրողների։

Շուկայի այլ վերլուծաբաններ էլ չեն բացառում, որ որպես պատասխան քայլ՝ նավթ արդյունահանողները կարող են կրճատել արդյունահանումը:

  • Կիսվել: