ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը 3 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա է վաճառում Հնդկաստանին

ԱՄՆ-ը 3 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա է վաճառում Հնդկաստանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հնդկաստան կատարած իր այցի շրջանակում կստորագրվի 3 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկայի ու սպառազինության վաճառքի մասին պայմանագիր։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ ժամանել է Ահմեդաբադ քաղաք, ուր նրան ողջունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Մի փոքր անց երկու առաջնորդներն ուղևորվել են դեպի աշխարհի ամենամեծ կրիկետի մարզադաշտ՝ այստեղ ավելի քան 100 հազար հավաքվածներին ողջունելու համար:

Իր խոսքում նախագահ Թրամփն ընդգծել է Հնդկաստանի կարևոր նշանակությունը ԱՄՆ-ի համար: Նա շեշտել է երկու առաջնորդների ու երկրների միջև սերտ կապերի կարևորությունը և նշել, որ ծրագրեր կան առևտրային պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Նախագահը հաղորդել է, որ իր այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել ռազմական համագործակցության մասին պայմանագիր, ըստ որի, ամերիկյան կողմը Հնդկաստանին կվաճառի 3 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմատեխնիկա:

Այնուհետև նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը այցի ծրագրի շրջանակում ուղևորվել են Ագրա՝ աշխարհահռչակ Թաջ Մահալն այցելելու համար:

Չնայած առևտրային համաձայնագրի շուրջ լավատեսությանը՝ նախագահ Թրամփն ընդգծել էր, որ առևտրային համաձայնագրի կնքում չի նախատեսվում այս այցի ժամանակ: Իր հայտարարության մեջ վարչապետ Մոդին ևս լավատեսություն է հայտնեե առևտրային համաձայնագրի հարցի շուրջ՝ ընդգծելով մի շարք ոլորտներում երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը, մասնավորապես պաշտպանության, էներգետիկայի, բարձրագույն տեխնոլոգիաների ասպարեզներում, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն երկրների համար:

Մոդին նախագահ Թրամփի այցը որակել է որպես երկու երկրների հարաբերություններում նոր էջ՝ նշելով, որ ԱՄՆ-ի ու Հնդկաստանի հարաբերություններն այսուհետ շատ ավելի մոտ են, քան գործընկերային կապերը:

  • Կիսվել: