ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ սենատորները մարդու իրավունքների խախտման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ սենատորները մարդու իրավունքների խախտման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորներն ուրբաթ օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտնի է դառնում նախաձեռնության համահեղինակ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

19 էջանոց օրինագիծը, որը կազմել են սենատորներ Էդվարդ Մարկին, Ռոն Ուայդեն և Ջեֆ Մերկլին, ուղղված կլինի «թուրք կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ճանաչվել խղճի բանտարկյալների և քաղաքական բանտարկյալների ձերբակալման, քաղաքական դրդապատճառներով լրագրողների ձերբակալման, սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»։

Օրինագծի շրջանակում սենատորներն ԱՄՆ պետքարտուղարին կոչ են անում օգնություն ցուցաբերել Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք փրոձում են հասնել երկրում քաղբանտարկյալների ազատությանը։

Սենատորներն Անկարային կոչ են արել «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի զգալի բարելավման ուղղությամբ և դադարեցնել համացանցում խոսքի ազատության դեմ շարունակվող բռնաճնշումները, այդ թվում ՝ այն օրենքների վերացման կամ փոփոխման ճանապարհով, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերի գործունեությունը կամ հեռացնել դրանց բովանդակությունը»։

Փաստաթղթում նշվում է, որ եթե Թուրքիայի կառավարությունը չկատարի մարդու իրավունքների ոլորտում միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները, ապա ԱՄՆ նախագահը, ըստ օրինագծի, «Մագնիտսկու ակտին» համապատասխան պատժամիջոցներ կսահմանի։

  • Կիսվել: