շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT

ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT

ԱՄՆ-ն փակում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իր 8 ռազմաբազաներից 3-ը, իսկ երկրում տեղակայված ամերիկացի զինվորների թիվը 2000-ից կրճատվում է մինչև 1400-ի։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։

Ըստ լրատվականի՝ 60 օրից ամերիկացի հրամանատարները պետք է որոշեն՝ արժի արդյոք զորակազմն ավելի կրճատել, թե ոչ։ Փորձագետները խորհուրդ են տվել Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինվոր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «թերահավատորեն է վերաբերվում» երկրում ամերիկյան ցանկացած զորք պահելու հարցին, գրում է թերթը և նշում, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումը նվազեցրել է Սիրիայում սպառնալիքների թիվը «առնվազն այս պահին»:

The New York Times-ի զրուցակիցները նշել են, որ Սիրիայում ամերիկացի զինվորականները, թեև նրանց թիվը նվազել է, մտադիր են շարունակել աջակցել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF)՝ քրդերի գլխավորած ռազմական դաշինքին, որը վերահսկում է երկրի հյուսիս-արևելքը, ահաբեկչության, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ապրիլի 16-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է պահպանել ռազմական վերահսկողությունը Գազայի հատվածում, Լիբանանում և Սիրիայում օկուպացված տարածքների նկատմամբ։ Կացն ասել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան այդ «անվտանգության գոտիներում» և դրանք կդարձնեն բուֆեր՝ հրեական պետությունը թշնամական ուժերից պաշտպանելու համար։

  • Կիսվել: