ԱՄՆ-ն մինչև 20 միլիոն դոլար է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների դիմաց
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտարարել է «Արդարության համար պարգև» ծրագրի շրջանակում խոշոր գումար վճարելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ին հետաքրքրում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների, սարքավորումների և ներգրավված անձնակազմի, այդ թվում՝ գիտնականների մասին տեղեկությունները։ Հետախուզական ծառայություններին հետաքրքրում է նաև, թե ուր կարող էին տեղափոխվել սարքավորումներն ու անձնակազմը ամերիկյան հարվածներից հետո։
Տեղեկությունները հնարավոր է փոխանցել Signal կոդավորված հաղորդագրությունների հավելվածի կամ Պետդեպարտամենտի ծրագրի անանուն առցանց հարթակի միջոցով։ Գումարից բացի, անհրաժեշտության դեպքում տեղեկություն տրամադրողներին խոստանում են աջակցել այլ երկիր տեղափոխվելու հարցում։
Պետդեպարտամենտում նախաձեռնությունը պայմանավորում են Իրանի միջուկային ծրագրի ներկա վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկությունների պակասով։ Ըստ գերատեսչության՝ Թեհրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով տեսուչները կորցրել են առանցքային բաղադրիչների, այդ թվում՝ ցենտրիֆուգների արտադրությունն ու պաշարները վերահսկելու հնարավորությունը։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանը ուրանը հարստացրել է մինչև 60 տոկոս։ Միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է մոտ 90 տոկոս հարստացման մակարդակ։ Փորձագետների գնահատմամբ՝ Իրանի ունեցած պաշարները հետագա հարստացումից հետո կարող են բավարարել մի քանի միջուկային մարտագլխիկի համար։



