չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։

Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հոկտեմբերի 20-ին՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքներից հետո։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է թույլ տալ Եգիպտոս-Գազա անցակետի բացումը հումանիտար մատակարարումների համար։ Իսրայելական կողմի պայմանն այն է, որ այդ մատակարարումները չպետք է ուղղվեն ՀԱՄԱՍ-ին։

20 բեռնատարները կլինեն Գազա մտնող բեռնատարների առաջին խմբաքանակը, իսկ ընդհանուր առմամբ, շուրջ 150 բեռնատար է սպասում՝ հումանիտար մատակարարումներ Գազա հասցնելու։

Եգիպտոսը հաստատել է ամերիկյան կողմի հայտարարությունները «Ռաֆահ» անցակետով հումանիտար մատակարարումների մասին։ Կահիրեն փակել էր «Ռաֆահ»-ը, քանի որ Իսրայելի կողմից գնդակոծությունները խոչընդոտում էին անցակետի աշխատանքներին։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ դեմ է պաղեստինցիների տեղահանմանը դեպի Սինայի թերակղզի, քանի որ այդ քայլը Եգիպտոսի տարածքը կդարձնի Իսրայելի դեմ հարձակումների ռազմաբազա։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախների։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500  մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

  • Կիսվել: