չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է Թբիլիսիում ՀՀ-Ադրբեջան խնդիրների շուրջ հանդիպումների հնարավորության մասին

Ալիևը հայտարարել է Թբիլիսիում ՀՀ-Ադրբեջան խնդիրների շուրջ հանդիպումների հնարավորության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:
 
Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատրաստակամության և միջնորդական ջանքերի համար:
 
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:
 
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա նշել է խաղաղության հաստատման կարևորությունը։
 
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,– ասել է Ալիևը:
 
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։
 

  • Կիսվել: