հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ագրեսիային աջակցող ցանկացած կողմ կդիտարկվի որպես օրինական թիրախ․ Արաղչի

Ագրեսիային աջակցող ցանկացած կողմ կդիտարկվի որպես օրինական թիրախ․ Արաղչի

Իրանը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ցանկացած ագրեսիայի, այդ թվում՝ իրանական ենթակառուցվածքների վրա հարձակումների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանում մեկական կամուրջ կամ էլեկտրակայան կոչնչացնեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա յուրաքանչյուր հարձակման համար:
 
«Մեր պաշտպանական ռազմավարությունը թափանցիկ է՝ ակն ընդ ական։ Ցանկացած ագրեսիա Իրանի, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, վճռական և հզոր պատասխան է ստանալու»,- X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է Արաղչին:
Նախարարը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կաջակցեն ԱՄՆ-ի ագրեսիային, օրինական թիրախ կհամարվեն իրանական զինված ուժերի համար:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Այդ օրվանից ամերիկյան զինուժը մի քանի հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա պատասխան էր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին։
 
Իրանի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիրը խախտելու մեջ։

  • Կիսվել: