ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենա ստուգելու Իրանի միջուկային օբյեկտները. Ազիզի
Իրան կատարելիք այցի ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենա ստուգելու Իրանի միջուկային օբյեկտները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին, տեղեկացնում է Tasnim-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մեջլիսի ընդունած օրենքների համաձայն՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությանը, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա տեսուչների, ոչ մի դեպքում չի տրամադրվի ֆիզիկական հասանելիություն իրանական միջուկային օբյեկտներին»:
Խորհրդարանականի խոսքով՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն «իրավասություն ունի միայն տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու իրանցի պաշտոնյաների հետ»։
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները չդատապարտելը քննադատության ալիք է առաջացրել Իսլամական Հանրապետությունում և մեղադրանքներ, որ գործակալության ղեկավարությունը քաղաքականացնում է իր գործունեությունը: Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր օրենք, որով դադարեցվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը:
Հուլիսի 22-ին էլ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի բացառում ապագայում գործակալության տեսուչների իր տարածք վերադառնալու հնարավորությունը։


