կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիև

Ադրբեջանը ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած  հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»:

Նշենք, որ  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցի մասին խոսել է երեկ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նաև ասել է. «Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել»։

  • Կիսվել: