հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանն Իրանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի դեմ

Ադրբեջանն Իրանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի դեմ

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին՝ նրան մեղադրելով «կողմնակալ» լինելու մեջ։ 

«Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի և Իրանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հարաբերություններին, ինչպես նաև հակասում 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի արտահայտած խոսքերին, որով նա ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում «սադրանք» են որակել Իրանի դեսպանի հայտարարությունները և ակնկալել, որ Իրանը «համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան դեսպանի արած հայտարարություններին»։ 

Նշենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը ավելի վաղ հայտարարել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների փոփոխությանը դեմ լինելու մասին մեր դիրքորոշումը հայտարարվել է այնպիսի մակարդակով, որ ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այն։ Իրանը դեմ է ցանկացած տրանսպորտային հաղորդակցության, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխանությունից ու վերահսկողությունից։ Ոչ ոք չի կարող անկախ, ինքնիշխան երկրին ասել, որ նա հրաժարվի իր տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից և հանձնի այն այլ երկրի։ Սա նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն ու գերիշխանություն, ինչին մենք դեմ ենք»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: