կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։

«Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական-կրոնական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժառանգությանը, եւ դրանց պահպանությունը ադրբեջանական պետության պարտականությունն է։

Որպես վառ ապացույց կարելի է նշել Շուշի քաղաքում մզկիթների եւ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական եւ էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում եւ հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին:

Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայումս համապատասխան մոնիթորինգ է անցկացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներում հնագույն ալբանական ժառանգությանը, ապա հարկ է նշել, որ այդ կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տեղի եւ արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ՝ համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։

Իսկ կեղծիքների հայտնաբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն ու միջազգային փորձագետների մասնակցությամբ կներկայացվեն միջազգային հանրությանը։ Հիշեցնենք, որ պատմամշակութային ժառանգության պատկանելիության փոփոխությունը, դրա ծագումը հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։  

  • Կիսվել: