ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ

Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ

Կարևորելով շուրջօրյա խնամքի հաստատություններում հասարակական վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել էր հանրային քննարկում․ ներկայացվել է հասարակական դիտորդների խմբի իրավասությունների, մշտադիտարկման կարգի, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Քննարկումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատությունների ղեկավարները, փորձագետներ, ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում հասարակական մշտադիտարկումը նպաստելու է խնամքի ծառայությունների որակի բարելավմանը, խնամք ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը, պետության և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը։ Հանրային մասնակցության մեխանիզմների կիրառումը, մասնավորապես դիտորդական խմբի գործունեությունը աջակցող գործիքակազմ է՝ իրավական կարգավորումները առավել թափանցիկ, հիմնավորված և ոլորտի կարիքներին համապատասխան մշակելու գործըթնացում։
 
Մասնակիցներին ներկայացվել է նախագծի հիմնական կարգավորումներն ու նպատակները, հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական դիտորդների խմբի ձևավորման և գործունեության սկզբունքները, լիազորությունների շրջանակը։
 
Ներկաների կողմից հնչել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ․ մշտադիտարկման գործընթացի կազմակերպման, դիտորդների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև հաշվետվողականության մեխանիզմների վերաբերյալ։
 
Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հանրային քննարկման ընթացքում ստացված կառուցողական առաջարկները կուսումնասիրվեն և կներառվեն վերջնական տարբերակում։
 
Հանրային քննարկումը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի աջակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում։

  • Կիսվել: