շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է

Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է

«Ադրբեջանական բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է», - կիրակի օրը հրապարակված հերթական հաղորդագրության մեջ պնդում է Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կառույցը, գրում է «Ազատություն» ռ/կ-ը։

Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին ամենօրյա ռեժիմով հետևող այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ Ադրբեջանում, հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։

«Մեր աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերը այն աստիճանի կատաղի բնույթ են կրում, որ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են», - փոխանցում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» ներկայացուցիչները՝ մանրամասնելով. - «Որոշ զինյալներ, փրկվելով կատաղի մարտերից, հրաժարվում են իրենց հասանելիք գումարից և վերադառնում Սիրիա»։

Իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող իրենց աղբյուրները վկայակոչելով նաև պնդում են, որ զոհված սիրիացիներից 92-ի մարմինները արդեն իսկ Թուրքիայի տարածքով վերադարձվել են Իդլիբ՝ հուղարկավորության նպատակով։

Նման իրավիճակում, ըստ կենտրոնի, թուրքական հատուկ ծառայությունների համար հույժ կարևոր խնդիր է դառնում զոհվածների և դասալիքների փոխարեն Ադրբեջան նոր զինյալներ ուղարկելը։

«Օրերս թուրքական կառավարությունը «Սուլթան Մուրադ» խմբավորման և «Ալ Համզաթ» դիվիզիայի, մի շարք այլ խմբերի զինյալների նոր, 400-հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան։ Նրանք ավելի վաղ պետք է ուղարկվեին այդ երկիր, սակայն գործընթացը դանդաղել էր հրադադարի մասին պայմանագրի կնքման պատճառով», - նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» փորձագետները՝ պնդելով, որ այդպիսով Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2 հազարի։

Իրավապաշտպան կառույցն, ի դեպ, իր վստահելի աղբյուրները վկայակոչելով նաև նշում է, որ Թուրքիան զինյալների հավաքագրման գործընթացը սկսել է իրականացնել կատարյալ գաղտնիության պայմաններում։

«Թուրքական կառավարությունը և դրան ենթակա հետախուզական կառույցները հավաքագրման գործընթացը պատել են գաղտնիության շղարշով՝ միջազգային հանրության հնարավոր որևէ արձագանքից և վարձկանների հավաքագրման մասին [միջազգային] օրենքների պահանջների կատարումից խուսափելու համար», - ընդգծում են կենտրոնի ներկայացուցիչները։

  • Կիսվել: