երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն ազատ է արձակվել

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն ազատ է արձակվել

30-օրյա վարչական կալանքի ավարտից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն հունվարի 22-ի առավոտյան ազատ է արձակվել։ Իր պատժի 17 օրվա ընթացքում Յագուբլուն հացադուլ է հայտարարել՝ բողոքելով կալանավայրում ապօրինի ձերբակալության եւ իր իրավունքների ոտնահարման դեմ։ Հացադուլի յոթերորդ օրը նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց` ոստիկանության հսկողության տակ։

Ազատ արձակվելով՝ Յագուբլուն առաջին հերթին գնացել է «Մուսավաթ» կուսակցության շտաբ, որտեղ նրա հետ համերաշխության հացադուլ էր ընթանում, հայտնում է Turan-ը։

Շնորհակալություն հայտնելով ցուցարարներին համերաշխության եւ նվիրվածության համար՝ Յագուբլուն հորդորել է նրանց դադարեցնել հացադուլը։ Այսպիսով, «Մուսավաթ»-ում հունվարի 9-ից անցկացված համերաշխության հացադուլն ավարտվեց։

Այսօր հացադուլը դադարեցրել է նաեւ քաղաքական գործչի կինը՝ Մայա Յագուբլուն, ով հունվարի 7-ին հրաժարվել էր ուտելուց։

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի եւ «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն բերման էր ենթարկվել դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում հասարակական ակտիվիստ Բախտիյար Հաջիեւի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ։

Նույն օրը Սաբայիլի դատարանը նրան 30 օրով կալանավորել էր՝ մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Հունվարի 5-ին Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել այս որոշումը։ Ի նշան բողոքի՝ Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։

Հունվարի սկզբին ԱՄՆ-ը մտահոգություն էր հայտնել Բախտիյար Հաջիեւի եւ Թոֆիգ Յագուբլուի կալանավորման եւ ձերբակալության կապակցությամբ եւ կոչ էր արել շտապ ազատ արձակել նրանց։

  • Կիսվել: