չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանական դպրոցներում բացահայտ հայատյացության քարոզչություն է իրականացվում. BBC

Ադրբեջանական դպրոցներում բացահայտ հայատյացության քարոզչություն է իրականացվում. BBC

Հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը «Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքն» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանում զոհի ռազմատենչ ​​պաշտամունքը փոխարինվել է հաղթանակի ռազմատենչ ​​պաշտամունքով։

«Ծառայություն՝ հայրենիքին, հավատարմություն՝ ժողովրդին, ատելություն, ատելություն, ատելություն՝ թշնամուն»՝ սա կարգախոսներից մեկն է, որը երեխաներին սովորեցնում են որոշ դպրոցներում: Ըստ BBC-ի՝ երեխաներին պարտադրված հայրենասիրական «միջոցառումները» ցույց են տալիս, որ չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հարևան ժողովուրդները շատ հեռու են հաշտեցումից։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ բոլոր նրանք, ովքեր հայամետ են, ծիծաղի առարկա են դառնում, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հոդվածի հեղինակը նկատում է, որ 2021 թվականից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը:

Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված են լինում պետության կողմից պարտադրված ատելության քարոզ և ագրեսիա: Ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը՝ հեղինակը հատվածներ է մեջբերում դրանցից, որոնք նկարագրում են հայերի ենթադրյալ դաժանությունը՝ երեխաների մեջ սերմանելով վրեժ, ատելություն, ագրեսիա:

BBC-ն մեջբերել է Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի խոսքը, որում նա ասում է, որ «թշնամին մեկն է, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր դառնալ»: «Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը մեզ հաղթել են ողջ պատմության ընթացքում։ Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է դա իմանան»։

Խաղաղության կողմնակից ադրբեջանցիները, սակայն, մտավախություն ունեն, որ այդ ատելությունը նոր պարտերազմի պատճառ կդառնա: Նրանք հիշեցնում են, որ ինչպես 26 տարի հետո հայերը պարտություն կրեցին, ունենալով հաղթողի բարդույթը՝ գործն արված է, և ոչ մի զիջում Ադրբեջանին, ոչ մի թիզ հող, նույնը կպատահի ադրբեջանցիների հետ 20 տարի հետո: Հետևաբար, բոլորին, այդ թվում՝ երեխաներին հարկավոր է խաղաղություն:

  • Կիսվել: