ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2023-ին Թուրքիայում տեղի կունենան աշխարհում ամենակարևոր ընտրությունները. Արևմուտքն ուրախ կլինի տեսնել Էրդողանի հեռանալը. Bloomberg

2023-ին Թուրքիայում տեղի կունենան աշխարհում ամենակարևոր ընտրությունները. Արևմուտքն ուրախ կլինի տեսնել Էրդողանի հեռանալը. Bloomberg

Այս տարի կայանալիք և միջազգային հետևանքներ ունեցող բազմաթիվ համընդհանուր ընտրությունների շարքում Նիգերիայինը, որոնք նախատեսված են փետրվարին, կլինեն ամենամեծը,  Պակիստանինը, որոնք նախատեսված են մինչև հոկտեմբեր, հավանաբար կլինեն ամենաաղմկոտը, բայց ամենակարևոր ընտրությունները, անկասկած, տեղի կունենան հունիսի 18-ին՝ Թուրքիայում, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կփորձի իր իշխանությունը երկարացնել՝ հասցնելով երրորդ տասնամյակին, գրում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ Թուրքիայում ընտրությունների արդյունքները կորոշեն աշխարհաքաղաքական և տնտեսական հաշվարկները Վաշինգտոնում և Մոսկվայում, ինչպես նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մայրաքաղաքներում:

«Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, չի մնում միայն Թուրքիայում։ Թուրքիան կարող է լինել միջին տերություն, բայց մեծ տերությունները հետաքրքրված են նրա ընտրություններով», - ասել է Պաշտպանության և անվտանգության հետազոտությունների Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Զիյա Մերալը:

Անկարայի ազդեցությունը համաշխարհային հարցերի վրա վկայում է երկար պաշտոնավարման ընթացքում Էրդողանի ձեռքբերումների մասին, սակայն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում նրա ընտրական հեռանկարները խառն են, գրում է աղբյուրը։ Նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում են, որ նա հեռանա հունիսի 19-ին, չեն կարող ասել, թե ով կամ ինչ է գալու հաջորդիվ:

Արևմտյան առաջնորդները ուրախ կլինեն տեսնել Էրդողանի հեռանալը. նա խաթարել է ՆԱՏՕ-ի անվտանգությունը՝ ձեռք բերելով Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հիասթափեցրել է դաշինքին՝ արգելափակելով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը, բազմիցս սպառնացել է հեղեղել Եվրոպան փախստականներով և վերջին ամիսներին ավելի ու ավելի ռազմատենչ հռետորաբանություն է կիրառում Հունաստանի նկատմամբ: Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ սրվել են այն աստիճան, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար մեղադրում են ԱՄՆ-ին Էրդողանի դեմ հեղաշրջմանն աջակցելու և ահաբեկչական խմբավորումներին մեղսակցության համար:

ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ավելի լավ կլինի առանց Էրդողանի խափանող ազդեցության համաշխարհային գործերում, հատկապես, երբ նրանց առճակատումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սրվում է:

Էրդողանի՝ որպես բանակցողի  օգտակարությունը սահմանափակ է. թեև անցյալ ամառ նա օգնել է համաձայնագիր կնքել՝ ապահովելու համար Ուկրաինայից հացահատիկի և բուսական յուղի շարունակական հոսքերը, սակայն նա զսպող ազդեցություն չի ունեցել իր «սիրելի ընկեր» Վլադիմիրի վրա, գրում է գործակալությունը:

Չկա նաև Էրդողանին զսպող. թեև Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների արտաքին քաղաքական շրջանակներից շատերը հույս ունեն, որ նա կարող է հետ գայթակղվել ցրտից (նկատի ունի ՌԴ-ն՝ Խմբ.), Էրդողանի աշխարհայացքը շատ ավելի արմատական է, քան կարծում են արևմուտքցիների մեծ մասը, նշել է քաղաքական վերլուծաբան Սելիմ Քորուն: Ըստ նրա՝ Էրդողանի հավակնությունները Թուրքիայի անմիջական հարևանության գոտում, որտեղ Անկարան ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում, ամերիկյան և եվրոպական ազդեցությունը լրացնելը չէ, այլ նրանց փոխարինելն ու հակազդելն է:

Եթե Էրդողանը պարտություն կրի, ասում է Ստամբուլի EDAM վերլուծական կենտրոնի տնօրեն Սինան Ուլգենը, ապա նրա իրավահաջորդը Թուրքիան կվերածի արտաքին քաղաքականության այլ դերակատարի, որն իր դիրքորոշմամբ ավելի հարմար կլինի որպես արևմտյան ազգ:

Բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, ոչ ոք չպետք է սպասի արագ՝ 180 աստիճանի շրջադարձ: Էրդողանը 20 տարի ուներ իր արմատական աշխարհայացքը սերմանելու թուրքական ինստիտուտներում՝ կառավարությունում, զինվորականների շրջանում, ակադեմիաներում, կրոնական կառույցներում և լրատվամիջոցներում, շարունակում է Bloomberg-ը:

Թուրքիան գալիք ընտրություններին մոտենում է չլուծված խնդիրների բեռով. նկատվում է գործազրկության աննախադեպ աճ, գնաճը գերազանցում է բոլոր հնարավոր հակառեկորդները, ինչը բնականաբար առաջացնում է բնակչության տարակուսանք և որոշ չափով գրգռվածություն։

Էրդողանի համար գլխավոր մարտահրավերը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է՝ Թուրքիայի ամենահին կուսակցությունը, որը ստեղծվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որն այսօր, ճակատագրի հեգնանքով, գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է։

Bloomberg-ը նկատում է, որ  նախորդ ընտրություններում Էրդողանին օգնել են հաղթել քրդական ահաբեկչության և արևմտյան դավաճանության մասին հին պատմությունները, ընտանիքի և իսլամական արժեքների համար միասեռականության վտանգների դեմ պայքարը, Հունաստանին ուղղված սպառնալիքներն ու ազգայնական եռանդի սրումը: Այս մարտավարությունները նախկինում էլ օգնել են Էրդողանին հաղթել ընտրություններում։ Դրանք կարող են այս անգամ էլ օգնել. քանի դեռ թուրքերն իրենց ձայնը չեն տվել, արևմտյան առաջնորդները փշերի վրա կլինեն, եզրափակել է աղբյուրը:

  • Կիսվել: