երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմությունը դեմ է Սևանա լճից լրացուցիչ ջրառին

Ընդդիմությունը դեմ է Սևանա լճից լրացուցիչ ջրառին

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է արտահայտվում Սևանա լճից նախատեսվող լրացուցիչ ջրառին՝ նման  որոշումը համարելով օրենքին անհամապատասխան:

ԱԺ-ին ներկայացված նոր նախագծով կառավարությունն առաջարկում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց՝ մինչև 2019 թվականի կարգավորումներով հնարավորություն կար նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում իրականացնել լրացուցիչ ջրառ: Սակայն 2019-ին օրենքում կատարվել են փոփոխություններ: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ իշխանականներն են հայտարարել, որ Սևանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե 170 մլն-ը գերազանցի և, եթե Սևանա լճի հաշվեկշիռը բացասական լինի, իսկ այս պահին բացասական է: «Հիմա, դուք խախտելով ձեր իսկ կողմից ընդունած կանոնը, հայտարարում եք այլ բան»,-ասաց Մինասյանը:

Պատգամավորը հավելեց՝ օրենքով սահմանված կարգով ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա մի մասում երաշտ հայտարարելու դեպքում կարող է ներկայացվել նախագիծ: Սակայն սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու կանոններ են սահմանվել: Ըստ դրա՝ կառավարությունը հայտարարում է սակավաջրություն և երաշտ, նախատեսում է ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում և այլն:

«Այս նախագիծը ոչինչ չի ասում ՀՀ-ում երաշտ  կամ սակավաջրություն հայտարարելու մասին»,-նշեց Մինասյանը:

Նույն խմբակցությունից Գեղամ Նազարյանը ևս դեմ արտահայտվեց լրացուցիչ ջրառին՝կարծիք հայտնելով, որ օրենքին անմապատասխան առաջարկություն է ներկայացվել: Պատգմավորը կոչ արեց մերժել այս նախագիծը:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ որքան էլ Սևանից ջուր ենք բաց թողնում, միևնույն է՝ Արարատյան դաշտի գյուղացիները դժգոհում են ջրի բացակայությունից: Խնդիրն ուրիշ տեղ է, եկեք մտածենք, թե ջուրն ուր է գնում: Եթե խնդիրը վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, ապա այս իրավիճակում, երբ ունենք ատոմակայան, երբ գնալով ավելանում է արևային կայանների թիվը, այդ մասին խոսելն իսկապես աբսուրդ է դառնում»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: