հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

Բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում:

«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, և հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի և դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Բարձր ենք գնահատում նաև Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, և, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում:

Հայաստանը սատարում է Հնդկաստանին՝ բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում:

«Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, և մենք հուսով ենք, որ G-20-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Անցյալ տարի նշվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով պատմությանը՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հույն պատմաբան և քաղաքական գործիչ Քսենոփոնը գրում է հայերի մասին Հնդկաստանում դեռևս մ.թ.ա. 430-350 թվականներին:

ԱԺ փոխնախագահի խոսքով մեր ժողովուրդների միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների և փոխադարձ աջակցության խորհրդանիշն են նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում հիմնված հայկական եկեղեցիներն ու կրթամշակութային կազմակերպությունները:

«Երկու երկրների հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են 30 տարիների ընթացքում, իսկ վերջին երեք տարիները մեր հարաբերություններում նշանավորվել են ահռելի զարգացման միտումով»,- նկատել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա արձանագրել է երկու երկրների միջև ընթացող բարձր մակարդակի քաղաքական փոխգործակցությունը. 1964 թվականին Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը, 1976 թվականին վարչապետ Ինդիրա Գանդին պատմական այց են կատարել Հայաստան, ինչպես նաև 1995 թվականին և 2003 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների այցը Հնդկաստան:

2021 թվականին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը կարևոր այց է կատարել Հայաստան, որին հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը նոր լիցք է հաղորդել արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմին, և հաջողվել է կազմակերպել առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցություն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է տնտեսական ոլորտում դրական դինամիկան. «Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն էապես աճել են: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն 216,1 մակարդակի վրա էր, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն ԱՄՆ դոլարի: Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամբողջ ներուժը, և մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: