ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով

Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող են կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում: Նշվեց, որ այդ կայանները էլեկտրաէներգետիկական շուկա մրցակցային պայմաններով մուտք գործելու իրավունք չունեն, ինչպես նաեւ իրավունք չունեն էլեկտրաէներգիա արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինչով սահմանափակվում է վերջիններիս զարգացման հնարավորությունները:

Վարդանյանի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով` առանց դրա գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում:

Նաեւ կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաեւ ձեւավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:
 

  • Կիսվել: