Սպառողն՝ առավել պահանջատեր. սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ
Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ: Հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ դա ոչ միայն տեսչական մարմնի լավ աշխատանքի, այլև հասարակության պահանջատիրության մակարդակի բարձրացման արդյունք է
Միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը քիչ է, և, ըստ Վահե Դանիելյանի, եթե ցանկանում ենք խոսել սննդամթերքի անվտանգությունից, սպառողների պաշտպանված լինելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վրա առկա ամբողջ տեղեկատվությանը, որը վերաբերում է սպառողին: Այնտեղ նշված է թե բաղադրությունը, թե առկա ալերգենների մասին տեղեկատվությունը: Տեսչական մարմնի տեսլականն այն է, որ համապատասխան իրազեկման աշխատանքներում քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահեն մակնշման ամբողջական տեքստը:
«Այսօր խոսում ենք նույն կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն: Մենք այս նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա առկա տեղեկատվությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այդ արտադրանքը որպես թթվասեր»,-ասաց Վահե Դանիելյանը:
Դրական տեղաշարժ նկատվում է նաև տնտեսվարողների մոտեցումներում: Դա երևում է տնտեսվարողների գործունեության կասեցումների թվի նվազմամբ: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից 60-ից ավելի տնտեսվարողների մոտ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել: Դրա նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ:
«Այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղ մենք արձանագրում ենք անհամապատասխանություն և կիրառում ենք սահմանափակում, մենք հետևողական ենք, որ վերացնեն թերությունները, ինչից հետո միայն թույլատրում ենք, որ վերսկսեն իրենց գործունեությունը»,-ասաց Վահե Դանիելյանը:
Տեսչական մարմինը, ուշադրության կենտրոնում պահելով ոլորտի խնդիրները, խստացնելու է վերահսկողությունը և իրազեկման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու հասարակության շրջանում: