ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասում արդեն հասել են ներքին հարդարման աշխատանքներին. արձանագրվել են նաև թերացումներ

Շուռնուխում կառուցվող բնակելի թաղամասում արդեն հասել են ներքին հարդարման աշխատանքներին. արձանագրվել են նաև թերացումներ

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի իրականացման ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեի մասնագետներն աշխատանքային այցով եղել են Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասում արդեն իրականացվում են ջերմամեկուսացման և արտաքին պատերի երեսպատման, որոշ տներում՝ տանիքների կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ։ Տեղում կատարված մեծածավալ աշխատանքների հետ միասին արձանագրվել են նաև որոշ թերացումներ և ապրանքների մատակարարման ուշացումներ։

Կոմիտեի պատվիրակությունը հետևել է նաև Վաղատին համայնքում նոր դպրոցի շենքի կառուցմանը: Այնտեղ ընթանում են բետոնացման, հենապատի կառուցման աշխատանքներ, որի նախագծային լուծումների վերաբերյալ մասնագետների կողմից տրվել են համապատասխան ցուցումներ:

Այցի շրջանակում հաջորդ կանգառը Դարբաս գյուղում էր, որտեղ կառուցվում է նոր դպրոց։ Արդեն կանգուն են մի քանի հենապատեր, և ընթանում են հիմնակմախքի բետոնացման ու միջնապատերի կառուցման աշխատանքներ: Միևնույն ժամանակ կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության մասնագետներն արձանագրել են տեխնոլոգիական հաջորդականության շեղումներ։

Տեղում արձանագրվել է, որ օբյեկտներում բավարար քանակությամբ աշխատուժ ներգրավված չի եղել, որը և հանգեցրել է պայմանագրի ժամանակացույցի շեղումների։ Կապալառու կազմակերպություններին կոմիտեի ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ թերությունները շտկելու և աշխատանքը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։

Աշխատանքային շրջայցով կոմիտեի պատվիրակությունը եղել է նաև Վայոց ձորի մարզում։ Մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների, կապալառու ընկերության տնօրենների և տեխնիկական հսկողություն իրականացնող մասնագետների ուղեկցությամբ նրանք դիտարկել են Եղեգիս համայնքի դպրոցի կառուցման և Շատին համայնքի դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Եղեգիսի դպրոցում իրականացվում են մարզադահլիճի հիմնակմախքի կառուցման և որոշ հատվածներում՝ ներքին հարդարման աշխատանքներ։ Ուսումնասիրելով նախկինում արձանագրված թերությունները՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը որոշեցին կազմել մասնագիտական խումբ՝ առկա խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու և դրանց շտկման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։ Իսկ Շատինում ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը՝ գոյություն ունեցող շենքի կոնստրուկցիաների վիճակի ուսումնասիրության նպատակով: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ քանդել շինության ետնամասի կրող պատը և կառուցել նորը։

Կոմիտեի խումբը ծանոթացել է նաև Չիվայի դպրոցի կառուցման աշխատանքներին, որտեղ ևս արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչի վերաբերյալ կապալառու կազմակերպությունը գրավոր տեղեկացվել է։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են մինչև թերությունների ամբողջական շտկումը:

  • Կիսվել: