շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շատ հաճախ մետրոյով գնում եմ, երկար տարածություններ ոտքով քայլում, քաղաքացիները շնորհակալություն են շատ հաճախ հայտնում. նախարար

Շատ հաճախ մետրոյով գնում եմ, երկար տարածություններ ոտքով քայլում, քաղաքացիները շնորհակալություն են շատ հաճախ հայտնում. նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցի ժամանակ չհամաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ կառավարության նիստերի ժամանակ հասարակությանը հրամցվող տնտեսական ճոխ ցուցանիշները, աշխատատեղերի մասին պնդումները չեն համապատասխանում իրական պատկերին․ հասարակությունն իրականում բողոքում է գնաճից, դժգոհում՝ աշխատատեղերի պակասից, եկամուտներն էլ չեն բավարարում։

«Եթե իրական պատկեր եք համարում այն պատկերը, որը ԶԼՄ-ներն են ստեղծում, ապա դա ոչ մի կապ չունի իրականության հետ», - ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարն այս համատեքստում նաև Իլոն Մասկին մեջբերեց։

«Իլոն Մասկի վերջին թվիթերից մեկը տեսե՞լ եք։ Հնչում է այսպես՝ «Ինչո՞ւ է տրադիցիոն (ավանդական-խմբ․) մեդիան առանց հոգնելու ատելություն տարածում»։ Կարծում եմ, որ, բնականաբար, պետք է ԶԼՄ-ները նույնպես ջանքեր գործադրեն, որ թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան», - ասաց նա։

Քաղաքացիների հետ ավելի շատ շփվելու և իրականության մասին նրանց կարծիքը լսելու հորդորին Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց՝ հաճախ է շփվում մարդկանց հետ, նրանք իրեն շնորհակալություն են հայտնում։

«Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություններ ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում», - ասաց նա, ապա ինքն էլ շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու հեռացավ։

  • Կիսվել: