Շաքարի և կարագի ոլորտում գրանցվել է տնտեսավարող սուբյեկտների քանակի էական փոփոխություն
Ոչ միայն մեր կառույցի, այլ կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքում այլևս պետական պաշտոնատար անձանց կողմից որևէ հովանավորչություն չկա: Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա հայտնեց, որ մի շարք ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների իրացման մասնաբաժինը շուկայում փոխվել է, մասնավորապես`շաքարավազի և կարագի շուկայում. «Շաքարավազի շուկայում խոսքը 20 տոկոսի փոփոխության մասին է. նախկինում իրացման 91 տոկոսը բաժին է ընկել մի ընկերության»:
ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նշված ոլորտներում նոր խաղացողների թվաքանակը ոչ թե ավելանում է արհեստական մասնատման արդյունքում, այլ նրանք իրավամբ առանձին տնտեսվարողներ են:
Նա նաև հայտնեց, որ դրանով պայմանավորված շաքարավազի գինը նվազել է:
Ինչ վերաբերում է բանանի շուկային` Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ չեն ուսումնասիրել բանանի շուկան, քանի որ այն չի համարվում առաջնային: