շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերմնաբուծության ոլորտում Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ. փոխնախարար

Սերմնաբուծության ոլորտում Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ. փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 5-ին մասնակցել է «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը։

Ներկայացնելով Հայաստանում սերմնաբուծության ներկա վիճակն ու հնարավորությունները՝ Արման Խոջոյանը նշել է, որ մեր երկիրն այս ոլոտում ունի զարգացման մեծ ներուժ, որին նպաստում են նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները։

Խոսելով սերմնաբուծության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ նախարարի տեղակալը հատկապես առանձնացրել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի գործունեությունը։ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ գիտական այս կենտրոնը զգալի ավանդ ունի Հայաստանի սերմնաբուծության զարգացման հարցում․ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 18 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 նմուշներ: Նա ընդգծել է, որ նշված թվերը վկայում են Հայաստանում առկա մեծ ներուժի մասին, և այդ կարողությունների օգտագործումը կարող է մեծապես նպաստել ԵԱՏՄ տարածքում ոլորտի հետագա զարգացմանը։

Միջոցառման ընթացքում համակողմանիորեն դիտարկվել են սերմնաբուծության և սելեկցիայի բնագավառում նոր միտումները, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև սերմերի և տնկանյութերի փոխադարձ առևտրի ընդլայնում և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական ապրանքների արտադրության արդյունավետության բարձրացման հարցերը։

ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը նշել է, որ ԵԱՏՄ գյուղատնտեսներին որակյալ սերմերով ապահովման հարցերն առանցքայինների շարքում են. որպես ասվածի վկայություն՝ մատնանշվել է նախորդ տարի ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշումը, որը սահմանում է ներմուծվող կենսականորեն կարևոր սերմերի ցանկը, որոնց փոխարինումը տեղական արտադրանքով քրտնաջան աշխատանք է, ինչը պահանջում է գիտության, բիզնեսի, շուկայագիտական հմտությունների և այլ ուղղությունների համադրում։ Բանախոսը հավելել է, որ այդ նպատակով աշխատանք է տարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ու դրանց գործարար հանրույթների հետ, համապատասխան վերլուծություններ են արվել։

Քննարկման ընթացքում առանձնակիորեն շեշտվել է ներկայումս ներմուծումից կապված այնպիսի մշակաբույսերի սերմերի բուծումն ու սելեկցիան, ինչպիսիք են եգիպտացորենը, ձմեռային տարեկանը, արևածաղիկը, շաքարի ճակնդեղը, բազմամյա խոտաբույսերը, բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել ու անցկացվել է մինչև 2025թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմնաբուծության և անասնաբուծության ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների մրցունակության բարձրացման նպատակով միջոցառումների իրականացման համատեքստում, որոնց համար հիմք են հանդիսանում ԵԱՏՄ շրջանակներում ընդունված առանցքային երկու միջպետական համաձայնագրեր՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության և գյուղատնտեսական նշանակության կենդանիների հետ սելեկցիոն-ցեղատեսակային աշխատանքների վարման ունիֆիկացմանը նպատակաուղղված միջոցառումների վերաբերյալ։

  • Կիսվել: