շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՏԿԵ փոխնախարարն ու ԱԶԲ-ի տնօրենը քննարկել են ջրամբարաշինության, դպրոցաշինության ծրագրերին վերաբերող հարցեր

ՏԿԵ փոխնախարարն ու ԱԶԲ-ի տնօրենը քննարկել են ջրամբարաշինության, դպրոցաշինության ծրագրերին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության եւ ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման եւ Սեւանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր: Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի եւ հատկապես Կապսի ջրամաբարի ծրագրի մասին՝ Տերտերյանը կարեւորել է ԱԶԲ-ի ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հնարավորությունը ծրագրի մեջ ներգրավված միջազգային մյուս գործընկեր կառույցների հետ:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման անհրաժեշտությունը։ Դպրոցաշինության ծրագրերին անդրադարձ կատարելով՝ ԱԶԲ-ի ներկայացուցիչները խոսել են իրենց մոտեցումների, առաջիկա ծրագրերի, կարեւորել կառուցվող դպրոցների ծախսարդյունավետ լինելը եւ կառուցումից հետո շինության հետագա պահմանման հարցերը:

Դպրոցաշինության մասով Տերտերյանը նշել է, որ գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է եւ առաջարկել է հետագա քննարկումններին ներգրավվել շահագրգիռ մյուս գերատեսչություններին նույնպես: Սեւանա լճի ջրի որակի բարելավման վերաբերյալ բանկի ներկայացուցիչները նշել են, որ առկա է հնարավորություն երեք մեխանիկական մաքրման կայանները դարձնել կենսաբանական մաքրման կայաններ:

Նախարարի տեղակալը կարեւորելով մաքրման կայանների առկայությունը՝ միաժանակ ընդգծել է այդ կայանների արդյունավետ, ճիշտ կառավարման եւ շահագործման անհրաժեշտությունը: Խոսելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասին՝ Վաչե Տերտերյանը կարեւորել է կառավարման արդյունավետ մոդելների ուսումնասիրության եւ հիմնավորման կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: