շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սերբիայի ու Չինաստանի հետ համաձայնագրերը վկայում են ԵԱՏՄ գրավչության մասին. Փաշինյան

Սերբիայի ու Չինաստանի հետ համաձայնագրերը վկայում են ԵԱՏՄ գրավչության մասին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերը, անդրադարձել են բանակցությունների արդյունքներին:


Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Հանձնաժողովի հարգելի նախագահ,

Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։

Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ, ընթացավ կառուցողական հունով և մեզ հաջողվեց համաձայնության գալ նիստի գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։

Մենք քննարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում մեր հիմնական ձեռքբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաև ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը։

Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։ Համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։

Հաջորդիվ ցանկանում եմ նշել Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։ Կարևոր է նաև «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագիրը»։

Սիրելի ընկերներ,

Շատ ուրախ եմ, որ այսօրվա նիստին ներկա էր նաև Սերբիայի վարչապետ տիկին Բրնաբիչը։

Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այսօր ևս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։ Սա ևս մեկ քայլ դարձավ մեր համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված միջոցառումների համատեքստում։

Այսօրվա նիստը նշանավորվեց նաև նրանով, որ ուժի մեջ մտավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։

Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը և Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը վկայում են մեր ինտեգրացիոն միության միջազգային նշանակության և գրավչության ավելացման մասին»։

  • Կիսվել: