երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեպտեմբերին շուրջ 9000–ով ավելացել է հետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը. Համակարգից օգտվում է 150 հազար մարդ

Սեպտեմբերին շուրջ 9000–ով ավելացել է հետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը. Համակարգից օգտվում է 150 հազար մարդ

ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ապահովելու կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ եղանակով հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով` ծրագրի մեկնարկից հետո ամեն ամիս արձանագրվում է ցուցանիշների աճ։

«Սեպտեմբերի անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ 740 մլն դրամ, որից 481 մլն դրամ հետվճար է տրվել։ Շուրջ 9 հազարով ավելացել է այս համակարգից օգտվող շահառուների թիվը։ Այս պահի դրությամբ ունենք 150 հազար շահառու, իսկ մեկնարկից ի վեր ընդհանուր անկանխիկ գործարքների թիվը կազմել է շուրջ 49 մլրդ դրամ, որի դիմաց այս մեկ տարի 2 ամսվա ընթացքում տրվել է 4,1 մլրդ հետվճար»,– տեղեկացրեց Մկրտչյանը։

Ըստ նրա` այս ցուցանիշների աճը պայմանավորված է նաև նրանով, որ այս համակարգին միացել են ևս երկու բանկ` «ՀայԷկոնոմը» և «Յունիբանկը»։

Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները 2022–ի հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։

Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

  • Կիսվել: