ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել պարետի որոշումների կատարման խախտումներ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:

Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020թ, հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսավարողներին զգուշացրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու և ներկայացվելու է պարետատուն: «Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:

Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսավարողների մոտ:

Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: