հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա. Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորի մասին

Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա. Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորի մասին

Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ Շաքիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարցին։

«Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ։ Ես թեման չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում, ի՞նչ արտահանձնում, ո՞վ է ասել՝ արտահանձնում»,- ասաց Փաշինյանը։

«Գնահատական եմ տալիս, ասում եմ՝ հանցագործություն է արել, մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։ Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արե՞լ է, թե՝ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել, բայց դիվերսիա՞ է արել, դիվերսա՞նտ է, այդ ո՞ր երկրում է լսված, որ զանգեն, ասեն՝ մի հատ դիվերսանտ ենք ուղարկել»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։

  • Կիսվել: