Ինչու՞ է Մեդվեդևն ասել, որ Հայաստանը կանգնած է Ուկրաինա դառնալու վտանգի առջև, ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ ՀՀ-ն Ռուսաստանի չվերածվի. լավ ժանր չէ. Փաշինյան
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, հայտարարություն էր արել Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ այդ հայտարարությանը։
«Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չի կատարել։
«Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, պարոն Մեդվեդևը ինչո՞ւ է դա անում. մանավանդ ես նրա հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ երկար մենք իրար հետ աշխատել ենք, բայց հիմա այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են. հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա է մեր ճանապարհը»,- նշեց վարչապետը։



