հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Եթե ադրբեջանցի զինվորը չկրшկեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան

Եթե ադրբեջանցի զինվորը չկրшկեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան

Տեղի ունեցածն ինքնին պրոբլեմ է, իհարկե, պրոբլեմ է, ընդ որում՝ պրոբլեմ է ոչ թե զինվորի մոլորվելն ու անցնելը, այլ պրոբլեմ է այն, որ կրակել է, վնասել է, մարդկանց տուն է մտել: Ես ասում եմ, որ եթե այդ ամենը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին: Պրոբլեմ է, բայց չեմ կարծում, թե դա այն հարցն է, որ պիտի խաղաղության գործընթացը վտանգի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է միջադեպը խաղաղության գործընթացը վտանգել:

Անդրադառնալով հոկտեմբերի 7-ի՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին՝ Փաշինյանը հորդորեց չկորցնել ադեկվատության սահմանը:

«Երեկվա խորհրդարանի քննարկումից սարսափած եմ, որովհետև ասում եմ՝ Աստվա՛ծ չանի, մեր մի զինվոր շփոթված անցնի, և ոչ մի միջադեպ այնտեղ տեղի չունենա, այս բոլոր քննարկումների, ոչ ադեկվատ գնահատականների և հայտարարությունների արձագանքը մենք այդ իրավիճակում ենք տեսնելու: Այն ժամանակ ասելու էինք՝ բա սա՞ է խաղաղությունը:

Ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա, այսինքն՝ մեր զինվորի հետ նման բան տեղի չի ունենա»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ Շաքիի միջադեպը սովորական հանցագործություն է, և դրանից «ապոկալիպսիս» սարքել պետք չէ. «Սա սովորական կրիմինալ հանցագործություն է: Անդրսահմանային հանցագործություն է, բայց հանցագործություն է»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։

  • Կիսվել: