ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սանոսյանը Ծովասարում և Ձորագյուղում հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Սանոսյանը Ծովասարում և Ձորագյուղում հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Ծովասար համայնքում և Ձորագյուղում:

Ծովասար համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իրականացվում են համայնքի 3-րդ և 4-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 մլն 796 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը:

3-րդ և 4-րդ փողոցները հիմնանորոգվում են 1000 գծամետր երկարությամբ և շուրջ 5400 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 25-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտված են հողային ու խճապատման աշխատանքները, կիսով չափ տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը: Աշխատանքները կավարտվեն մեկ-երկու շաբաթից:

Այս պահին սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ծովասարում ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 60-70 տոկոսը:

Ձորագյուղ համայնքում Գնել Սանոսյանն այցելել է թիվ 11 և 12 փողոցներ, որտեղ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները:

Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով:

Այցի հաջորդ վայրը Ձորագյուղի մշակույթի տանն էր, որտեղ իրականացվում է սուբվենցիոն հերթական ծրագիրը: Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն տեղադրված են նոր դռներն ու պատուհանները, կատարված են ներսի հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սրանով կավարտվի նաև մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որը փուլերով ընթացել էր նախորդ տարիների ընթացքում: Մարզպետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքներից:

  • Կիսվել: