շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս ավելացնել ռուս-հայկական կոպերացիան էներգետիկ ոլորտում․ Օվերչուկ

Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս ավելացնել ռուս-հայկական կոպերացիան էներգետիկ ոլորտում․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի առաջատար արտաքին առեւտրային գործընկերն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Երեւանում IX Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովում, գրում է news.am-ը:

Նրա խոսքով, 2016-2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության արտաքին առեւտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։ «Պետք է մեզ հաշիվ տանք, որ նման լուրջ դինամիկան հնարավոր է դարձել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցության շնորհիվ, որը Ռուսաստանի աջակցությամբ նոր հնարավորություններ եւ նոր շուկաներ է բացել հայկական բիզնեսի համար եվրասիական տարածքում։

2022 թվականի հունվար-հուլիսին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2021 թվականի նույն ցուցանիշի համեմատ աճելով գրեթե 50 տոկոսով։ Ռուսաստանի արտահանումը Հայաստան նշված ժամանակահատվածում կազմել է 1,4 մլրդ դոլար՝ ավելանալով 40,5 տոկոսով։ Հայաստանից Ռուսաստան ներմուծումն աճել է 66,3 տոկոսով՝ կազմելով 0,6 մլրդ դոլար։

Մենք ակտիվորեն զարգացնում ենք ներդրումային համագործակցությունը։ Ռուսական կուտակված ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի տնտեսությունում կազմում է օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40 տոկոսը, որը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Նրանցից ոմանք այստեղ ամենամեծ հարկատուներն են։ Դրանք են՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Ռոսատոմ»-ը»,- նշել է Օվերչուկը։

Նրա խոսքով, Ռուսաստանը մտադիր է հետագայում էլ զարգացնել ռուս-հայկական կոպերացիան էներգետիկ ոլորտում, ներառյալ միջուկային, լեռնահանքային արդյունաբերությունը, տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտներում եւ բարձր տեխնոլոգիաներում: «Ուշադրություն ենք դարձնում ռուսական եւ հայկական տարածաշրջանային փոքր եւ միջին բիզնեսների միջեւ գործընկերության զարգացմանը, քանի որ փոքր եւ միջին ընկերությունները մեծապես նպաստում են երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը եւ ապահովում են բնակչության զբաղվածությունը: Դրանք տնտեսական աճի շարժիչ ուժն են։

Անկասկած, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության կարեւոր ասպեկտը միջտարածաշրջանային համագործակցությունն է։ Միջտարածաշրջանային ֆորումը առանցքային հարթակ է, որը թույլ է տալիս պետական կառույցների, բիզնեսի եւ հանրության ներկայացուցիչներին համապատասխանեցնել գորողությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների ողջ սպեկտրի վերաբերյալ:

Ելնելով լիագումար նիստի արդյունքներից՝ նախատեսում ենք մինչեւ 2025 թվականը ստորագրել Տնտեսական համագործակցության միջկառավարական ծրագիր, որը նոր բարենպաստ պայմաններ կստեղծի երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնելու համար՝ հաշվի առնելով ներկա պայմաններն ու միտումները, ինչպես նաեւ կմշակվի գործողությունների ծրագիր՝ ի կատարումն 2022-2027 թվականների Միջտարածաշրջանային համագործակցության զարգացման միջկառավարական ծրագրի: Այն ընդգրկում է համագործակցության ինչպես ավանդական ոլորտները՝ գյուղատնտեսություն, մշակույթ, առեւտուր եւ տնտեսություն, այնպես էլ այժմ դինամիկ զարգացողները՝ բարձր տեխնոլոգիաներ եւ թվային տրանսֆորմացիա»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: