ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն. տնտեսական աճի ցուցանիշը կկազմի 1,6 տոկոս. ԿԲ նախագահ

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն. տնտեսական աճի ցուցանիշը կկազմի 1,6 տոկոս. ԿԲ նախագահ

2022 թվականի սկզբին և՛ համաշխարհային, և՛ Հայաստանի Հանրապետության տնտեսություններում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը Հայաստանում նվազում էր սպասվածից ավելի արագ տեմպերով, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փետրվարի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության սրումն ու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նրա խոսքով, աննախադեպ մեծ անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական զարգացումների առումով։

«Էական բարձր անորոշությունների ու բազմակողմանի ռիսկերի ձևավորման պարագայում Կենտրոնական բանկը կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում։  Այդ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության ու Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով, ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային ու Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճերի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում տնտեսական անկում», - հայտարարեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ էներգակիրների ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվելու է ու ավելանալու են գնաճային սպասումները։

«Նշված զարգացումներն ու, հատկապես, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան  զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի դանդաղմամբ ու դրամական փոխանցումների նվազմամբ», - նշեց նա։

ԿԲ նախագահն ասաց, թե տնտեսական աճի ցուցանիշը էականորեն նվազել է  ու, իրենց կանխատեսումների համաձայն, կկազմի 1,6 տոկոս։

  • Կիսվել: