ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Իրանական ուժերն ամեն գիշեր գործողություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում այն նավերի դեմ, որոնք խախտում են Թեհրանի կողմից սահմանած տարանցման կանոնները։ Այս մասին Fars գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալի Մոհամադին։

«Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերը պատժվում են ամեն գիշեր», - ասել է նա։

Մոհամադին ընդգծել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը պատերազմի առաջին իսկ օրվանից նեղուցի նկատմամբ իրականացնում են «լիակատար և համապարփակ» վերահսկողություն և մտադիր են շարունակել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։

Նա նաև հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակած տվյալները` դրանք համարելով «անհավանական»:

Մոհամադիի խոսքով՝ նման տվյալները «լրատվամիջոցների ենթադրությունների արդյունք են», որոնց նպատակը նավթի գները նվազեցնելն է և շուկայի վրա ազդելը։

Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ի վիճակի են Հորմուզի նեղուցի «ցանկացած կետում» ներգործել այն առևտրային նավերի վրա, որոնք Թեհրանը համարում է կանոնները խախտողներ, և ԱՄՆ-ին մեղադրել է Պարսից ծոցում ու ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ։

Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։

CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։

 

  • Կիսվել: